Մայրենի

4.
Հայոց գրերը խլվլում էին Մամփրեի ներսում, թռվռում էին հայացքի դիմաց, և նա անհանգիստ էր։ Տունը կանչում էր նրան։ Գրապահարանում նա արդեն իր անկյունն ուներ՝ այբբենարանը, կարմիր տառերով լցված տետրերը, անգրել տետրեր, ծայրած ու անծայր կարմիր մատիտներ, ռետին։ Տետրերն ու մատիտները կանչում էին, և նա ուզում էր ոտքի ելնել, բայց գարնան առավոտի արևը շատ էր դուրալի։ Գարնան արևը, խոնավ գետնի գոլը, սարերի ձնհալով լցված գյուղի կենտրոնական առուն, աղբյուրի ծորանից պոռթկացող ջրի շիթը… Ջուրը փշրվում է քարե գռում, և մանրիկ շիթերը պարս էին բռնել աղբյուրի գլխին։ Եվ Մամփրեն հիշեց. վարժապետ Տեր Հարությունը ասում էր՝ սուրբ Մաշտոցից առաջ հայոց գրեր են եղել և հայոց բան՝ փորված քարե սալիկներին։ Հայոց վայրագ թշնամին ջարդուփշուր է արել հայոց քարե մատյանները, և գրերը թևավորվել են, կերպարանափոխվել մեղուների և թռել սարերը… Տեսնես, սուրբ Մաշտոցից առաջ եղած հայոց գրերի վերջին տառը ի՞նչ պատկեր է ունեցել…
— Մամփրե,— Անդարդ Ավեն խորհող լռություն չի սիրում,— էսպես իմաստուն խոսք կա՝ ուսումն եփած հաց է, մարդու թևի տակ դրած։
— Թյուու,— Մամփրեն մեկեն բռնկվեց,— թյու էդ խոսքին առաջին անգամ շունչ տվողին, թյու էդ խոսքին թև տվողներին։
Ուրեմն Մաշտոցը տառերը երկնեց նրա համար, որ հայերը այդ գրերով հա՞ց աշխատեն։ Վարժապետ Տեր Հարությունը ասում էր, որ սուրբ Մաշտոցը հայոց առաջին դպրանոցները բացեց հայոց երկրի սահմանաեզրերում։ Շրջում էր հայոց սահմաններով, վարժապետներ կրթում, դպրոցներ բացում, վարժապետներ կրթում, դպրոցներ բացում… Եվ այդ դպրանոցները բերդեր էին սահմանաեզրերում։ Բերդեր և զորանոցներ։ Քանզի տառերը, Մաշտոցի գրերը, զինվորներ են։ Գեղեցկադեմ, մաքուր և զուլալ և արի զինվորներ։ Զինվորներ։ Ոչ թե ասկյարներ, այլ զինվորներ։
Երկրի սահմանները պաշտպանող զինվորներ։
Արդարության, ճշմարտության համար կռվող զինվորներ։
Գեղեցիկն ու բարին պաշտպանող զինվորներ։
Եվ հայոց երկրի թշնամոց դեմ կռվող հերոս զինվորներ։
Ահա այդպես։ Եվ վարժապետ Տեր Հարությունն էր ճիշտ, ոչ թե Օհանը։ Ճիշտ չէր Օհանը. Էրգրի իրենց գյուղի ամենատարեց մարդը, նա, որ հզոր ընկուզենի ուներ և իր ընկուզենու հասակակիցն էր, ճիշտ չէր, որ ասում էր, թե հայոց գիրը հայոց թագավորն է, արքան է: Հայոց գրերը հայոց զինվորներն են։ Իսկ թագավորր, թագավորը Մամփրեն է, Մամփրեն է արքան, այսինքն նա, ով այդ զինվորներն ունի իր հրամանի տակ և նրանց կռիվ է տանում հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն գեղեցիկի։ Իսկ Մամփրե արքան կարող է հանկարծ փսլնքոտի մեկը լինել և զինվորներին հիմար հրամաններ տալ, այդ դեպքում նա արդեն արքա չէ, այլ սովորական մի փսլնքոտ և հրաման տալու իրավունք չունի, այլ ամենաշատը, ամենաշատը, պետք է հետևի, թե իսկական արքայի հրամանի տակ զինվորներն ինչպես են շարժվում, դեպի ուր են շարժվում և ինչ են անում և եթե կարող է, թող մաքրի իր փսլինքը: Այդ Մամփրե արքան կարող է հանկարծ նենգ, մի ավազակ լինել, իսկ ավազակն արդեն արքա չէ, ավազակ է ու կա, և նրա պիղծ հրամանի տակ այդ զինվորները կարող են դառնալ ասկյարներ։ Այսպես։
Մամփրեն հերսոտ ոտքի ելավ։
Եվ, առուն անցնելիս, ճիպոտի ծայրին առավ փսոր թղթերը. առվում, ցախերի մեջ խճճված փսոր թղթերը առավ ճիպոտի ծայրին և մեկնեց Ավեի ուղղությամբ.
— Ամեն հացակեր հայոց գրերի գլխին հարկ չէ, որ արքա դաոնա։— Եվ թղթերը շպրտեց Անդարդ Ավեի ուղղությամբ և հայհոյելով գնաց։
Ճամփից տետրերի ու գրքերի թերթեր, թերթերի պատառներ էր հավաքում, փչում ու ծալում թևի տակ և հայհոյում, հայհոյում էր գրի հետ այդպես վարվող անհոգիներին, հայհոյում էր անորոշ, իսկ ամենաշատը, ամենակրքոտ՝ Ավեին:
Եվ լցված հասավ տուն, գրապահարանի իր անկյունից վերցրեց անգրել մի տետր, կարմիր մատիտ, նստեց սեղանի մոտ և թափով ու գլխատառերով գրեց.
«Մամփրեն արքա է, իսկ սուրբ Մաշտոցի գրերն զինվորներ են»։
Նա գրել էր առանձին բառեր — ասա, արա, սար, տար — գրել էր անուններ — Արարատ, Սանասար, Սիրան, Տիրան… — բայց լրիվ մի նախադասություն, ամբողջական մի միտք՝ սա առաջինն էր։ Եվ գրեց առանց ճիգ ու ջանքի, միանգամից և հուզվեց միայն գրելուց հետո, երբ զննեց թիկունք-թիկունքի զգաստ շարված կարմիր գլխատառերը։
Հետո գրածը խնամքով անջատեց տետրից, խնամքով ծալեց-դրեց ծոցը, նստեց դռանը և սպասեց. ուր որ է թոռնուհին դասից կգա։
Սակայն առաջին հայտնվողը փոստատարը եղավ։
— Քեռի Մամփրե,— խնդմնդաց վաստատարը,— թերթերի՞ն ես սպասում։
Շան թուլա։ Եթե Մամփրեն գրել կարող է՝ ահա… (ինչպես է տաքացել կուրծքը. ծոցում, կարծես, լուր կա՝ տաք, թպրտացող), եթե գրել կարող է, կարդալ… կարդալը ավելի դյուրին է։
Եվ թերթերից ընտրեց փոքրածավալը, ինչ խոսք, փոքրը՝ մատչելի է… Հերթը մեծերին էլ կհասնի։ Բացեց շրջանային թերթը և մի լուսանկար մեկեն բռնեց հայացքը… Վահ, սա իրենց հարևանուհի Ծաղիկը չէ՞… Շտապ դարձավ հարևանի տան կողմ, չնայած գիտեր, որ Ծաղիկը ձմեռանոցում է. Ծաղիկը կթվորուհի է, իսկ ֆերման ձմեռանոցից դեռ գյուղ չի բարձրացել։ Ծաղիկի սկեսուրը երեկ, հեռվից հեռու, հարսի հետ կռիվ էր տալիս, թե՝ եկ քո լակոտներին տեր կանգնիր, դռանը կանգնած նայում էր ձմեռանոցի կողմ և լացն ու հայհոյանքն ու անեծքը իրար խառնած կռիվ էր տալիս։
Մամփրեն ուշադիր նայեց լուսանկարին… Այո, Ծաղիկն է։ Չնայած լուսանկարում սիրուն է. այնպես մաշված ու կնճռոտ չի երևում, ինչպես իրականում կա, բայց նա է՝ Ծաղիկն է:
«Էս խղճուկ հարսնուկի նկարն ինչո՞ւ են կպցրե մեք թերթին ու ինչ խաբրիկ է»։
Գիրկապ կարդաց ակնարկի վերնագիրը՝ «Քարագլխի դուստրը»։
«Դուստր ի՞նչ է»։— Գլուխը բարձրացրեց։
Թոռնուհին թռվռալով գալիս էր։
— Երեք հատ հինգ եմ ստացել։

Շարունակել կարդալ

Մամփրեն հեռվից ժպտաց թոռնիկին և ձեռքը տարավ գրպանը։
— Տես ու գնահատե։— Եվ ամաչկոտ ժպիտը դեմքին՝ գլուխկախ սպասեց։
— Արքա… Պահ-պահ-պահ, հենց տառերը սովորեց, դարձավ արքա։ Եթե այդպես լիներ…
— Անխելք փապռեճ, համբերե, մեկնիմ զիմ միտք։
— Սոված եմ։— Եվ բամփեց պապին։— Ապրես։ Հինգ։
Մամփրեն, իհարկե, ավելի բարձր գնահատականի էր սպասում, ուսուցիչը գնահատեց միայն ուղղաշար տառերը, իսկ միտքը չհասկացավ։ Բայց թոռնուհին շտապում էր։
— Համբերե, ձգուկ։ Դուստրն ինչ է։
— Դուստր՝ աղջիկ։
— Լավ մտածե։
— Դուստր նշանակում է աղջիկ։— Եվ շտապեց տուն։
Մամփրեն գրածը խնամքով ծալեց-դրեց ծոցը և նորից թերթը ձեռքն առավ։ Ուրեմն՝ Քարագլխի աղջիկը… թ՛ող այդպես լինի։ Աղջիկ, թե հարս, մեկ է, Ծաղիկի մասին է։ Բայց ի՞նչ են գրել։— Նա… մանկուց… երազում… էր… կթվորուհի… դառնալ…— Կարգին տեղ չհասավ։ Մամփրեն բառ-բառ կարդաց երկրորդ անգամ, երրորդ անգամ, ապա վարժ, ամբողջ նախադասությունը, միանգամից։— Նա մանկուց երազում էր կթվորուհի դառնալ։
— Թյու, սատանի ծնունդ։— Մամփրեն ինքն էլ չիմացավ, թե ինչպես ճմռթեց թերթն ու շպրտեց։ Բայց և շտապեց հովից թռթռացող թերթի ետևից։— Տառերն են ափսոս, սուրբ Մաշտոցի գրերի համար է մեղք։– Եվ թերթը հարթեց-դրեց անթատակն ու հուզված սկսեց քայլել տնամերձում։
Ծախված հոգի, քեղ ո՞վ է ասել, թե այդ խեղճ հարսնուկը դեռ մանկուց երազում էր կթվորուհի դառնալ։ Մամփրեն, ախր, լավ է ճանաչում. աղջիկ ժամանակ Ծաղիկը Մամփրեի ձախակողմյան հարևանն էր և դարձավ աջակողմյան հարևանի հարսը։ Էդ խեղճ աղջիկն, ախր, ուսուցչուհի էր ուզում դառնալ, Մամփրեն հո լավ գիտի, մեկ՝ ուսուցչուհի, մեկ՝ բժշկուհի, մեկ՝ պարուհի, մեկ… Թռվռուն աղջիկ էր և հազար ու մեկ երազ ուներ… Սատանի ճուտ, ճշմարտությունն ասա։ Գրիր, որ աղջիկը, այսպես ու այսպես, հազար երազ ուներ, բայց, կյանք էր, վիճակ էր, բախտ էր, ամուսնացավ, երեխաները թափվեցին գլխին և երեխաներին հաց ու թաց էր պետք, աշխատել էր պետք և Ծաղիկ անվանակիր հարսնուկը փեշերը պոկեց երեխաներից և գնաց ֆերմա, դարձավ կթվորուհի։ Ճիշտը գրեիր, ճշմարտությունը գրեիր, արդարը գրեիր… Մարդու երազն էլ խլեն մարդուց, նույնիսկ անցած-գնացած երա՞զն էլ խլեն… Սադայելի ծնունդ, գրերին, արդարամիտ ու ճշմարտախոս ծնված գրերին ինչո՞ւ ես դարձնում ստալեզու-ստախոս և քեղ ո՞վ է իրավունք տվել, որ սուրբ Մաշտոցի զինվորներին այդպիսի պիղծ հրաման տաս։ Ո՞վ է իրավունք տվել… Այդ փսլնքոտը քանի՞ տարեկան կլինի… Քանի տարեկան էլ լինի՝ փսլնքոտ է, ինչպես Անդարդ Ավեն… Եվ Ավեի որդին է, թոռն է, արնակիցն է. Մաշտոցի գիրը նրա համար եփած հաց է, թևի տակ դրած հաց՝ կեր ու ման արի… Այս փսլնքոտն է պատճառը, ծախված հոգիներն են պատճառը, որ մրոտած թղթերը, թերթերը, գրերը շան ոտի հետ քշվում են… Այսքանը դեռ գյուղում, փոքրիկ մի գյուղում… Իսկ քաղաքներ կան, աշխարհում աշխարհի չափ մեծ քաղաքներ կան… Անցյալ ամռանը, իրիկնապահին, ինքը, Մամփրեն, քիչ մնաց թե խեղդվեր Երևանի փողոցում։ Լեռներից հանկարծ մի քամի փրթավ-մտավ քաղաք և թղթեր հանեց երկինք և թղթեր հանեց երկինք և թղթեր հանեց երկինք, կարծես չալտիկ ագռավների ոհմակ էր, որ խշշոցով հարձակվեց քաղաքի վրա: Ապա մի թերթ, ամբողջական ու բաց ու մեծ մի թերթ, եկավ ու ծեփվեց Մամփրեի դեմքին։ Եվ ինչպես էր կառչել, ինչպես էր կառչել, պատռվում էր, ճղճղվում էր, բայց չէր հեռանում դեմքից։ Շունչը, հա-հա, կտրվելու էր։ Անցած ամռան այդ իրիկնապահի պատկերը՝ քաղաքի երկնքում խշրտացող թղթերը չալթիկ ագռավների ոհմակ երևաց աչքին, լեշակերների խշշացող ոհմակ. այդպես երևաց, որովհետև ամռան այդ օրը ինքը, Մամփրեն, տառերին դեռ անծանոթ էր և մտհան էր արել վարդապետ Տեր Հարությունի խոսքը՝ գրերը զինվորներ են։ Իսկ հիմա, հիմա Մամփրեն հասկանում է, թե այդ օրը, այդ իրիկնապահին ինչ էր կատարվում քաղաքի երկնքում…
Պարտված զինվորների փախուստ էր։
Այո, այո, այդպես էր, այդ էր. եթե տառերը զինվորներ են (և զինվորներ են), այդ զինվորներին սխալ հրամաններ էին արձակել, հիմար հրամաններով էին շարժել ու պարտության մատնել և ահա՝ լեռներից իջած մի քամի և… պարտված զինվորները փախչում էին… Ախ, այդ փսլնքոտը, Ծաղիկի մասին գրողը հիմա ընկներ Մամփրեի ձեռքը… Բայց ո՞ւր էին փախչում պարտված գրերը այն երեկո… Պարտված գրերը ո՞ւր պետք է փախչեն, այս երկրից հո դուրս չե՞ն գա։ Նորից պետք է իջնեն երկիր, և երկիրը, երկիրը պետք է լցվի պարտված զինվորներով և գլուխը կորցրած պետք է պտտվի, պտտվի, պտտվի… Ինչքա՞ն գիր գրված կլինի աշխարհում: Աշխարհի բոլոր լեզուներով ինչքա՞ն գիր գրած կլինեն։ Եթե փռես՝ երկիրը քառասուն տակ կծածկվի, գրերն էլ հետը։ Իսկ եթե այդ բոլոր-բոլոր–բոլոր գրվածքները ճշմարիտ լինեին, ինչի համար արարվել են աշխարհի բոլոր գրերը՝ ճշմարտությունը պաշտպանելու և սուտը մերժելու, արդարը պաշտպանելու և անարդարը կործան անելու, գեղեցիկը պաշտպանելու և գեշը մերժելու, բիրտ ու նենգ ուժերի դեմ կռվելու, կռվելու և հերոսանալու և սրբագործվելու… Եթե այդպես լիներ, եթե աշխարհի բոլոր գրերով բոլոր գրվածքները արդարաշունչ լինեին։ Այսպես եթե շարունակվի, այսպես եթե շարունակվի, աշխարհի բոլոր տառերը, որ ծնունդով անարատ են, տառերը, որ կոչումով ասպետ զինվորներ են, կբարոյալքվեն։ Հա, Մարաթուկ վկա, կդառնան գող, ավազակ, թալանչի, մատնիչ, նենգ, դավաճան, վախկոտ, սուտասան, ստոր, ստրկամիտ, ծախու, անուղղելի դասալիք… Եվ… և Երկիր մռլորակը ուղեծրից դուրս կգա… Ախ, այդ վաճառված հոգին, այդ… այդ սադայելի ծնունդը հիմա ընկներ Մամփրեի ձեռքը։
Երբ երեկո եղավ, և գերդաստանը քնեց, Մամփրեն վերցրեց տետրերը, վերցրեց այբբենարանը. տեսար ու գրերից մեկի պատկերը մտքից թռավ, վերցրեց մատիտներն ու ռետինը և նստեց սեղանի մոտ։ Հիմա Մամփրեն այդ փսլնքոտին այնպիսի դաս կտա. այնպիսի մի կոթոց կգրի, որ մուխը պնչներից դուրս գա և ողջ կյանքում ձեռքը գրերից ետ քաշի… Բայց ինչպե՞ս սկսել, ինչպե՞ս դիմել…
Եվ ծոցից հանեց գրածը — Մամփրեն արքա է, իսկ սուրբ Մաշտոցի գրերը զինվորներ են — հաճույքով կարդաց և մեկնեց սեղանին, պետք է գրել այսօրինակ՝ գլխատառերով, այսպես՝ թիկունք-թիկունքի, զինվորների պես զգաստ շարված և, անշուշտ, կարմիր մատիտով։ Եվ մատիտը թքոտեց։
«Տղա, փորի համար հոգին չեն ծախի։ Դու հոգի չունես, տղա, սուրբ Մաշտոցի արդար զինվորներին անարդար հրաման մի արձակե: Դու արքա չես ու գրերին հրաման արձակելու իրավունք չունես։ Քու հարամ աջը քեզ քաշե, տղա։ Թե կընկնիս իմ ձեռք…»։
Ստացվեց այնպես, ինչպես ուզում էր՝ գլխատառերը հավասար և ձիգ և առանց տողադարձի, որը Մամփրեն չսիրեց ու չընդունեց։ Միայն Թ-ի վրա աջը դողաց, բայց տեղն ու տեղը զայրացավ և գրեց թափով ու առանց կտիչի։ Մի քանի անգամ կարդաց գրածը, խնամքով ծալեց ու դրեց սեղանին։
Այս մեկ։
Որքան բան կա գրելու։ Որքան և որքան ճշմարտություններ ունի ասելու Մամփրեն։ Ավսոս, հազար ափսոս, որ գրերի հետ ուշ ծանոթացավ— օր ծերություն։ Լավ էր գոնե, որ Մարաթուկը ուխտը կատարեց, և հիմա Մամփրեն կարող է Մաշտոցի զինվորները շարքի կանգնեցնել ու շարժել։ Որքան է խոսել և միշտ՝ ճշմարիտը, ժողովներին որքան և որքան է ոտքի կանգնել։ Հարյուր անգամ միայն՝ Խաչոյի համար։ Այո, մշեցի Խաչոյի արտի, արտերի համար նախագահի, նախագահների դեմ հա ճակատ է տվել. խեղճ մարդը, մշեցի Խաչոն, տարին մի արտ էր պատրաստում լանջերին, ձորաբերանին, քարերի մեջ, նախագահը խլում էր, թև ու թիկունք ջարդելով մշեցի Խաչոն քարցանք սարալանջերից էր հողը խլում, ձորից էր հողը խլում, նախագահը… նախագահը՝ Խաչոյից։ Եվ ինքը, Մամփրեն, ամեն ժողովի ոտքի էր կանգնում՝ արդար չէ, բողոքում էր, սխալ է և բացատրում էր՝ արտը Խաչոյից խլեցիք, իմացած եղեք, որ այդ արտը կկորցնեք. կտրորեք, կտաք բուլդոզերի բերանը, կլքեք-կտաք հեղեղի բերանը՝ կլցնեք ձորը (ինչպես որ եղավ, ինչպես որ եղավ)։ Թողեք, ասում էր, թող այդ լաթ արտը Խաչոյի ձեռքին մնա և սարալանջին կպած։ Բայց լսողն ո՞վ էր։ Քանզի խոսքը բանավոր էր՝ քամու բերան ընկած աշնան տերև։ Իսկ գիրը, գիրը, ճշմարտախոս գիրը… Հաշվիր, թե խոսքդ քարի վրա ես քանդակել, ժայռերի վրա՝ միշտ աչքի դիմաց, հաշվիր, թե քանց ցորեն ցանել ես, և ծիլ է տվել, կանաչել է, հասունացել ու ծփում է։ Դե եկ ու մի նայիր, եկ ու ասա այստեղ արտ չկա և ասա, ասա՝ ցորենի հասուն արտը ոչ մեկին, ոչ մեկին պետք չէ։ Ախ, եթե Մամփրեն հայոց գրերին էն գլխեն ծանոթ լիներ։ Բայց ուշ չէ, բոլորովին էլ ուշ չէ, մի օրվա կյանք էլ ունենաս, այդ մեկ օրն էլ հարկ է, որ կռվես արդարության համար, ճշմարտության ու զեղեցիկի համար… Խաչոն դեռ «ավելորդ» մի արտ ունի, մշեցի Խաչոյի վերջին արտը դեռ մնում է սարալանջին, Խաչոն առվույտ է ցանել ու սպասում է նախագահի վճոին։ Ոչ, այդ արտի ճակատագիրն արդեն Մամփրեն է վճռելու։ Մամփրեն հենց այս գիշեր Մաշտոցի ասպետ զինվորները կշարի և արևը չծագած կքշի ուղիղ կոլտնտեսության գրասենյակ։ Այդպես։
Մատիտը բռում սեղմած, Մամփրեն մարտական քայլում էր. այլևս ոչ մի անկողին՝ առանց այն էլ քուն չի գալիս աչքերին. այլևս ոչ մի անկողին՝ առանց այն էլ ապրելու քիչ ժամանակ է մնացել, իսկ Մամփրեն անելիքներ ունի։ Գործ ունի։ Կռիվ ունի։ Զորօրինակ…
Տես, թե այդ հիմարներր, կոլտնտեսության վարչության ու գյուղսովետի խելոքները ինչ են որոշել. որոշել են ծառերը կտրել և հրապարակ պատրաստել, ուռենիները իրենց հով ու գովով, անուշ ստվերներով սրբել և տեղը ասֆալտ փռել։ Ուրեմն աղբյուրի մոտի ուռենիները…
Եվ հանկարծ գայթեց։ Թվաց, թե տախտակապատ հատակին քար հայտնվեց–կտրեց ճանապարհը, զարկվեց ոտքին։ Մամփրեն գայթեց և ձեռքը տարավ գլուխը.
— Օխաաշշշ…— Ծոծրակի մոտ այնպես իրական պոռթկաց ցավը, ինչպես, է՜, այն օրը, երբ ինքը Մեհրեաղբյուրի մոտ Օսմանի նենգ լակոտ Օսմանին լավ տրորեց, ապա ծնկեց՝ ջուրը դեպի իրենց շաղգամի արտի կողմ շտկելու, իսկ այդ ճպռոտ լակոտը, այնուամենայնիվ, թիկունքից քարով զարկեց-ջարդեց իր գլուխն ու փախավ և ուսն ի ետ քարերի պես շպրտում էր,— Աթաբունար… Աթաբունար,— որպես թե աղբյուրի անունը Մեհրե չէ, այլ Աթաբունար, որպես թե աղբյուրը քոնը չէ, այլ իմը…
— Օսման, ես քու հավատը…
Կոտորումն ու գաղթը վրա տվեցին և Մտմփրեի ու քո կռիվը կիսատ մնաց։ Եվ մնաց որքա՜ն ժամանակ, որքա՜ն ժամանակ, մինչև այսօր… Իսկ այսօր, հիմա, հենց այս գիշեր Մամփրեն քո նենգ հերը կանիծի… Ահա թե ինչի համար, թե ինչի համար, ինչի համար Մամփրեն սովորեց հայոց գրերը… Յա՜, Մարաթուկ…
Գլխապտույտի մեջ և աչքերը մթնդած և շունչը հևիհև ափլփում էր դեպի սեղանը և այն մտքից, թե կարող է հանկարծ շունչը փչել, Մամփրեն սարսռաց… Տեր աստված, այդպիսի դաժանություն չանես, այսքան կյանք ես պարգևել Մամփրեին, շնորհիր նաև մեկ գիշեր, թաք մեկ գիշեր, այս գիշերն ի լույս։ Եվ բավական է: Եվ Մամփրեն գոհ կմնա։ Եվ Մամփրեն խաղաղ աչք կփակի: Սուրբ Մարաթուկ, դու, դու ճանանչ ես, ախր, Մամփրեին, դու օգնիր, որ Մամփրեն իր անպատասխան կռիվը անի (ահա թե ինչի համար սովորեց հայոց գրերը), իր պարտք–կռիվը տա, ապա կամքը քոնն է: Յա, Մարաթուկ…
Բայց հայացքի դիմաց մշուշ էր, ճերմակն ու կարմիրը խառնվել էին իրար։ Նա բռունցքով տրորեց կուրծքը, քունքերը և օգնության կանչեց Էրզրի սարերի շունչը, տրորեց աչքերը և օգնության կանչեց սարերին փլված ճանանչ եկեղեցիների զորությունը, և մատիտը ձեռքն առավ… Հիմա, հիմա… Ահա թե ինչի համար, թե ինչի համար սովորեց հայոց գրերը: Հիմա…
Բայց մատները չէին ենթարկվում, ձեռքը դողում էր և հենց առաջին տառը ճղվեց։
— Քու անունը… Օսման։
Ոտքի ելավ և հուզված սկսեց քայլել… Հիմա, հիմա, սիրտը կհանդարտի, դողը հիմա կանցնի, աչքերը կլուսավորվեն, կհանդարտի սիրտը, և Մամփրեն քո հարամ հերը կանիծի, ճամփաների դարանակալ ավազակ… Ահա թե ինչի համար, ինչի համար Մամփրեն սովորեց հայոց գրերը։ Համբերիր, հիմա, հիմա…
Հետո ննջարանից բերեց որդու ծխախոտը, վրա-վրա ծխեց և քշեց դեպի սեղանը։ Յա, Մարաթուկ…
Ընտրեց տետրերից լավագույնը, մատիտներից՝ ամենակարմիրը, թքոտեց մատիտն ու սկսեց.
«Օսման, ես քու հավատը…»։— Ոչ, սուրբ Մաշտոցի տառերով այդ հարամին հայհոյելը մեղք է։ Եվ բացեց տետրի նոր էջ։
«Օսման, թալանչի Օսման…»։— Այ, այսպես, հենց այսպես պետք է սկսել, բայց… անտեր աջը ինչո՞ւ է դողում։ Նա ձախով խփեց աջին և բացեց նոր էջ։
«Օսման, թալանչի Օսման…»։— Ոչ, մատիտը, կարծես, ուզած կարմիրը չէ, հարկ է ընտրել վառ կարմիրը, այն գույնով, որ վարժապետ Տեր Հարությունը տառերն էր գործում, այդ գույնով պետք է գրել՝ արնագույնով։ Եվ բացեց նոր էջ։
«Օսման, թալանչի Օսման…»։- Ոչ, տառերը, կարծես, փոքր ստացվեցին և ոչ այնքան զգաստ։ Հարկ է գրել գլխատառերով և այնպես շեշտ ու զգաստ, որ ավարառուն գրի տեսքից իսկ դողա։ Եվ բացեց նոր էջ։
……………………………
……………………………
……………………………
Լուսաբացին որդին հորը գտավ սեղանի մոտ մարած, ճակատը սեղանին, սեղմված բռունցքում մատիտը և ճակատի տակ կարմիր գլխատառերով գիրը.
«Օսման, թալանչի Օսման, ուրեմն որպես ավազակ որ ճամփին կանգնեցիր, էդ ճամփեն քոնն է, հա՞։ Քու թալանչի ձեռքն, որ դռան դիպավ, էդ տունը քոնն է, հա՞։ Քու գիշատիչ աչքն, որ սարը տեսավ, էդ սարը քոնն է, հա՞։ Քու հարամ շունչն որ աղբրակին դիպավ, էդ աղբարն քոնն է, հա՞…» Աթաբունար… Մամփրեն ճար չունեցավ, թե քեզ տրորեր, տրորեր ու տրորեր, ու դու հասկանայիր, թե Տալվորիկի սարերում ու ողջ Սասնո սարերում Աթաբունար հարամանուն աղբյուր չկա։ Չկա ու չկա։ Աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե կմնա՝ Մեհրեաղբյուր։ Պատմություն կա, արարիչ կա ու հնուց եկած զրույց. Առյուծ Մհերն էդտեզ, հենց էդ աղբրակի բխած տեղն է հանդիպել առյուծին ու ճղել զառյուծն ու, կամոք արարչի, տեղն ու տեղն աղբուր է բխել։ Եվ արարիչն ինքն է կնքել՝ Մեհրեաղբյուր։ Արարիչն է ծնել ու արարիչն է կնքել: Օսման, թալանչի Օսման, ես էլ մեռնեմ, դու էլ մեռնես, աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե էլ կմնա։
Մամփրե արքա»

Տպավորուտյուններ

Ինձ շատ դուր եկավ «Մամփրե արքան»: Ինձ մտածել տվեցին այս տողերը «Մամփրեն արքա է, իսկ սուրբ Մաշտոցի գրերն զինվորներն են»: Ես շատ բան Իմացա, որ հայոց գրերը խլվլում էին Մամփրեի ներսում:  Մեզ  վեռնագիրը հուշում է, որ Մամփրեն արքա է,  բայց  Մամփրեն շատ տխուր արքա է:1 մաս Մամփրեն ահագին ժամանակ հետևում էր, թե երրորդ դասարանցի թոռնուհին ինչպես է այբուբենը սովո¬րեցնում եղբորը, որպես թե՝ նախապատրաստում է, որ տղան գալ տարի այբուբենը սերտած գնա դպրոց: Իսկ տեր Հարությունը շատ լավ մարդ է: Նա սովորեցնում էր տառեր: Ինձ դուր եկավ որ ամեն ինչ գրված էր գրական հայերենով կաին բառեր, որ չհասկացա բայց ինձ օգնեցին: Ով, որ չի կարդացե կարդա շատ լավնե:

Մամփրե Արքան

 Հարցեր և առաջադրանքներ`
  1. Ինչպե՞ս էր նկարագրում Մամփրեն Ա տառը:
  2. Ո՞ր տառը չէր սիրում Մամփրեն. ինչո՞ւ:
  3. Պատմիր քո սիրած և չսիրած տառերի մասին:
  4. Դուրս գրիր հատուկ անունները:
  5. Դուրս գրիր 6 հատ բաղադրյալ բառ` նշելով բառի տեսակը:

1. Մամփրեն ա տառը նկարագրում էր այբ ձևով:

2.Չէր սիրում Թ տառը,  որովհետև Թ տառի պոչիկը  դժվար էր  և նրան  դուր  չէր գալիս:

3.Ես սիրում եմ ա տառը որովհետև նա իմ անունի  Առաջին  տառն  է:

իմ  չսիրած  տառը ը  տառն  է որովհետև  նա շատ  անտեսանելի  և  խորամանկ  է:

4  Մամփրե,Հարություն,Մելո,Դավիթ,Քուռկիկ Ջալալի,Մաշտոց,Օհան,

6.